ՀՖՖ-ն հերքում է հավաքականի նոր մարզչի վերաբերյալ ասեկոսեները
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ ՀՖՖ մամլո ծառայությունը պարզաբանող հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչի՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հայտնվող անունները, լրատվամիջոցների հաստատական վերնագրերով նյութերը այս կամ այն մարզչի մասին, իբր ՀՖՖ-ին մոտ կանգնած աղբյուրներից ստացած տեղեկատվությունները, տվյալ լրատվամիջոցների կամ տվյալ նյութերի հեղինակների երևակայության, ցանկությունների, նախասիրությունների կամ երազանքների արդյունքն են, նաև ընթերցող գրավելու ոչ ազնիվ մղումներ: Ինչպես ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց իր վերջին մամուլի ասուլիսում, նոր մարզչի ընտրության հետ կապված տարվում են աշխատանքներ, բանակցություններ եւ արդյունքների՝ այսինքն ձեռք բերված պայմանավորվածության մասին առաջինը թե լրատվամիջոցներին, թե հանրությանը կտեղեկացվի մամուլի ասուլիսի կամ ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով: ՀՖՖ բոլոր պաշտոնական հայտարարությունները տեղադրվում են միայն ՀՖՖ պաշտոնական կայքում և Facebook ցանցի ՀՖՖ պաշտոնական էջում»: