ՀՖՖ-ն խնդրում է չտարածել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ
Հայկական մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, որ Ռաֆայել Նազարյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: ՀՖՖ-ն հանդես է եկել կոշտ հայտարարությամբ. «Հայկական copy-paste լրատվությունը հերթական թյուրիմացության մեջ է ընկել՝ դրանում նետելով նաև իր ընթերցողներին: Վաղ առավոտյան ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից վերցվել է մի տեղեկատվություն, որ իբր Ռաֆայել Նազարյանը նշանակվել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար: ՈւԵՖԱ-ի կայքում այդ տեղեկատվությունը հայտնվել է ՈւԵՖԱ-ի կայքի հայաստանյան ներկայացուցիչ Խաչիկ Չախոյանի հրապարակման ոչ ճիշտ թարգմանության պատճառով, որն անմիջապես էլ ՈւԵՖԱ-ի կայքի պատասխանատուների կողմից ուղղվել է եւ այդ հրապարակումը կայքից հեռացվել է: Եվ չնայած այն հանգամանքին, որ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում արդեն մի քանի ժամ այդպիսի տեղեկատվություն չկա, որ այդպիսի լուր չկա ՀՖՖ պաշտոնական կայքում եւ ընդհանրապես, որ այդպիսի պաշտոն գոյություն չունի, մեր copy-paste լրատվությունը շարունակում է այդ տեղեկատվությունը տարածել՝ հղում անելով ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին: Խնդրում ենք ուշադիր լինել եւ չտարածել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: ՀՖՖ մամուլի քարտուղարություն