ՀՀ Արդարադատության նախարարը` համաներման մասին
Վերջերս մամուլում հաճախակի են լուրեր շրջանառվում այն մասին, որ Ցեղասպանության հարյուրամյակի առնչությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաներման որոշում է կայացնելու: Թե ի վերջո, որքանո՞վ են իրատեսական այդ խոսակցությունները, Fnews.am-ը փորձեց պարզել ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից:
-Պարոն Մանուկյան վերջերս հաճախ խոսվում համաներման մասին, ըստ Ձեզ ե՞րբ եւ որ հոդվածների վրա կանդրադառնա համաներումը:
-Ես հոգնել եմ արդեն համաներում կլինի, թե ոչ հարցից, այդ հարցը արդեն ինձ հիշեցնում է Կիկոսի մահը, երբ համաներման մասին պաշտոնական ինչ-որ տեղեկատվություն լինի, այդ ժամանակ կխոսենք, հիմա նման բան` համենայնդեպս այս պահի դրությամբ, չկա: Առայժմ երկրի նախագահը` Սերժ Սարգսյանը համաներման մասին հանձնարարություն չի տվել, սակայն դա դեռ չի նշանակում, որ մինչեւ մայիսի 5-ը, երբ կայանալու է ԱԺ արտահերթ նիստը, նման հանձնարարություն չի լինի: Ամեն դեպքում ես այդ հարցի հասցեատերը չեմ, հանրապետության նախագահն է որոշում այդ հարցը
-Իսկ դուք չե՞ք կարող, որպես նախարար միջնորդությամբ դիմել ՀՀ նախագահին:
-Ոչ, Արդարադատության նախարարը նման իրավասություն չունի: Դա նախագահի իրավասությունն է, ինչպես կորոշի նախագահը` այդպես էլ կլինի:
Համաներման սպեցիֆիկան այն է, որ այլ որոշումների եւ իրավական ակտերի նման համաներման ընդունման պրոցեսը հրապարակային չէ` բազմաթիվ պատճառներով: Համաներման գործընթացը մինչ վերջին պահը, երբ նման որոշում է կայացվում, եւ երկրի նախագահը դիմում է խորհրդարանին, տեղի է ունենում փակ պայմաններում` ոչ հրապարակային, այդպիսին է համաներման համաշխարհային պրակտիկան:
Զրույցը` Նոնա Ադամյանի
