ՀՀ և Ադրբեջանի լրագրողների փոխայցերի բանակցությունների հարցով հույս կա. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների ավարտին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել է, որ Ռուսական կողմն աջակցում է ԵԱՀԿ գործունեությանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման որոնման հարցում։
«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ գործունեությանը մերձդնեստրյան կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ պայմանավորվածություններ փնտրելու հարցում»,-նշել է Լավրովը, ով նաև անդրադարձել է ապրիլին Մոսկվայում կայացած Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը։
«Շատ լավ հանդիպում կայացավ, կենդանի և անկեղծ քննարկում, որի արդյունքներով մի շարք մարդասիրական միջոցառումների իրականացման հեռանկար ձևավորվեց, որոնք կարող են ամրապնդել հակամարտության կարգավորման քաղաքական երկխոսության հեռանկարային հնարավոր մոտեցումները։ Այժմ ԵԱՀԿ քարտուղարության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում կոնֆլիկտի կողմերի միջև Ադրբեջանից և Հայաստանից լրագրողների այցելությունների մասին։ Հույս կա։ Չնայած կալանավորված անձանց հետ կապված իրավիճակն այնքան էլ լավատեսական չէ, մենք այնուամենայնիվ կարծում ենք, որ պետք է աշխատել այդ ուղղությամբ»,- նշել է Լավրովը։
