ՀՀ գյուղնախարարն այցելել է Կոտայքի մարզ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ. այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախարարի այցելության առաջին կանգառը Մայակովսկի համայնքում էր, որտեղ մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է «Յազիչյան» ՍՊԸ խոզաբուծական համալիրի գործունեությանը: Ֆերմայի տնօրեն Ռոբերտ Յազիչյանը տեղեկացրել է, որ իրենք ներդրել են գերմանական նորագույն սարքավորումներ և կիրառում են պահվածքի ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում` օդափոխության, ջեռուցման, ջրի խմեցման և կերակրման ավտոմատ համակարգեր: Ներկայում ընկերությունում խոզերի ընդհանուր քանակը կազմում է մոտ 600 գլուխ, այդ թվում` 70 գլուխ մայրական կազմ: Համալիրի շինարարության ավարտից հետո նախատեսվում է մայրական կազմը հասցնել 120 գլխի` տարեկան մսի արտադրանքը հասցնելով 70-72 տոննայի, ինչը կբարձրացնի տեղական շուկայի մսամթերքի որակը:
Այնուհետև նախարարն այցելել է նույն համայնքում կառուցվող «ԶՕՐ» ՍՊԸ սպանդանոց, որի աշխատանքներն իրականացվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի շրջանակներում: Ընկերության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ սպանդանոցի շինարարական աշխատանքներն ավարտված են, ընթացքի մեջ են սարքավորումների կարգաբերման աշխատանքները և տաս օր անց այն շահագործման կհանձնվի:
