ՀՀ Կենտրոնական բանկը երեկ աննախադեպ հայտարարություն է տարածել.
Ժողովուրդ թերթը գրում է. ՀՀ Կենտրոնական բանկը երեկ աննախադեպ հայտարարություն է տարածել՝ ազդարարելով, որ. «...ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով»: ԿԲ-ն իր քայլի նպատակն այսպես է բացատրել. «Կարգավորել արժութային շուկայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ՝ փոխարժեքի տատանումները հարթելն ու արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելը»: Իհարկե, մինչ այս էլ ԿԲ-ն արժութային շուկայում ֆինանսական ինտերվենցիաներ իրականացրել է, բայց այդ մասին երբեք չի հայտարարել: Սա աննախադեպ է, երբ ԿԲ-ն ազդարարում է, որ ամեն օր ֆինանսական շուկայում դոլար է վաճառելու: Ակնհայտ է, որ Հայաստանի ֆինանսական շուկայի վիճակն առավել քան ողբերգական է: Թե որքանով կօգնի ԿԲ-ի այս քայլը՝ դրամի արժեզրկումը կանգնեցնելու կամ գոնե դանդաղեցնելու հարցում, ցույց կտա ժամանակը: Երեկվա տվյալներով ԿԲ-ն վաճառել է 6 մլն դոլար՝ 456.63 դրամ սակագնով:
