ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած թուրք տղամարդը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման
ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող՝ Թուրքիայի քաղաքացի Իբրահամ Քարադաշին դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Նման դատավճիռ է կայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:
Դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն էր ներկայացրել 35-ամյա ամբաստանյալը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Քարադաշին ՀՀ պետական սահմանը հատել է այս տարվա փետրվարին: Նա դեռեւս չպարզված հանգամանքներում Վրաստանի տարածքով ապօրինի մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Թուրքիայի քաղաքացուն հայտնաբերել են միայն ապրիլի 19-ին մայրաքաղաքի Չարենցի փողոցում: