ՀՀ վարչապետը պատրաստ է բանակի սպառազինության համար վաճառել իր առանձնատունը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում պատասխանել է լրագրողների հարցերին և անդրադարձել իր շքեղ առանձնատան թեմային
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Լրագրողները կրկին հարցրին, թե ՀՀ վարչապետն ինչպես է ձեռք բերել իր շքեղ առանձնատունը։ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե դրա մասին ինքն արդեն խոսել է դրա վերաբերյալ հիմնավորված պատասխանել հայտարարագրում:
Լրագրողները հարցրին` իսկ պատրա՞ստ է վաճառել իր առանձնատունը բանակի սպառազինության համար։
«Եթե հարկ լինի, այո, սակայն մեր պետությունը սպառազինության հետ կապված նման ֆինանսական խնդիր չունի: Սա միայն լրատվամիջոցների տարածած սուտ տեղեկություններն են,- պատասխանեց ՀՀ վարչապետը և նշեց,- որևէ փաստ, որևէ դեպք չեք կարող ասել, որ վարչապետը հարստացել է բանակի հաշվին, ապօրինի ճանապարհով»:
Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ ապրիլի 13-ին լրացել է իր վարչապետության երկրորդ տարին։
«Ես հստակ կարող եմ ասել, որ այդ ընթացքում որևէ սխալ չեմ արել, որի համար ամաչեմ»,- ասաց նա: