ՀՀ-ում բանկային քարտերի թիվը հասել է 1.5 միլիոնի
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող 21 առեւտրային բանկերից 19-ը 2013 թ. հունիսի վերջի դրությամբ տրամադրել կամ սպասարկել են վճարային քարտեր: Այդ մասին նշված է 2013 թ. ՀՀ կենտրոնական բանկի երկրորդ եռամսյակի բանբերում: Ընդ որում՝ 19 առեւտրային բանկերն էլ անդամակցում են «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգին:
Քարտերի սպասարկման նպատակով 2013 թ. երկրորդ եռամսյակում տեղադրվել են 31 նոր ավտոմատ գանձման մեքենաներ: Դրանց թիվը 2013 թ. հունիսի վերջի դրությամբ կազմել 1213: Առեւտրային բանկերի կողմից տեղադրված POS-տերմինալների ընդհանուր քանակը երկրորդ եռամսյակի ընթացքում ավելացել է 178-ով եւ կազմել 6861:
Երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 1.5 մլն, որը նախորդ եռամսյակի համեմատությամբ ավելացել է 7%-ով: Մասնավորապես՝ «ԱրՔա» քարտերի քանակը նախորդ եռամսյակի վերջի համեմատ ավելացել է 5%-ով եւ կազմել 545 հազար քարտ:
Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 7%-ով եւ կազմել 938 հազար քարտ: Այդ թվում՝ VISA քարտերն ավելացել են 9%-ով եւ կազմել 594 հազար քարտ, իսկ MasterCard քարտերը՝ 5%-ով եւ կազմել 296 հազար:
