ՀՀԿ ԳՄ-ն բուռն է անցել. Սերժ Սարգսյանը եղել է զայրացած.
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ այդքան երկար տևեց ՀՀԿ ԳՄ արտահերթ նիստը՝ հարցրինք ԳՄ ծերակույտին: «Շատ կարևոր հարցեր էին քննարկվում, բոլորը հատ-հատ խոսեցին, անգամ Տարոն Մարգարյանը, որ սովորաբար չի խոսում»: Ի՞նչ թեմայով: «ՀՀԿ նախագահն ասաց, որ գնում ենք սահմանադրական բարեփոխումների, որ մենք այլոց հետ գործ չունենք, մենք ունենք մեր անելիքը, հետ չենք կանգնելու մեր ծրագրերից` որոշների պահանջներից ելնելով»:
Ըստ մեր զրուցակցի` ԳՄ-ն բուռն է անցել. երիտթևի ներկայացուցիչները` Աշոտյան, Շարմազանով, Կարեն Ավագյան, խոսել են կոշտ դիրքերից, պահանջել «քաղաքական ցանկացած գործընթաց աղավաղող, կեղտոտող քաղաքական ուժի կամ ուժերի նկատմամբ ադեկվատ դրսևորում հանդես բերել, տեղափոխվել ռացիոնալ դաշտ, էլ չասել` դե լավ, ի՞նչ է եղել` ԲՀԿ-ն է, էլի, մյուսն է, էն մեկն է»:
Առաջարկել են քաշել գիծ ու հասկանալ, թե «ով ում հետ է»: Վերջնական եզրահանգման չեն եկել, վճռականը կլինի հինգշաբթի՝ ՀՀԿ խորհրդինը:
Սերժ Սարգսյանը, ըստ մեր աղբյուրի, եղել է մտահոգ, անգամ զայրացած: Խոսել է նաև Հովիկ Աբրահամյանը, ով շատ վատ տրամադրություն է ունեցել, ժամանակ է ուզել «Գագոյի հետ մի անգամ էլ խոսալու համար» և ուղիղ հայտարարել է, որ այդ ամենի հետևում Քոչարյանն է կանգնած»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
