ՀՀԿ-ականները 7 օր նստելու՝ տերևի նման դողալու են. Արամ Գ. Սարգսյան
«Ինձ մոտ այն տպավորությունն էր, որ ՀՀԿ պատգամավորները ինչ-որ որոշում էին կայացրել, բայց այդպես էլ չհասկացան՝ դրա իմաստը որն է։ Ոչինչ չառաջարկել և կանգնել ընդամենը ասել, որ Նիկոլը չի կարող լինել վարչապետ, հարցի լուծում չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այդ մարդիկ կամ պատվեր են կատարում, կամ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են անում: «Չգիտեմ՝ հույսներն ինչի՞ վրա են դրել։ Այդ 7 օրվա ընթացքում նրանք նստելու ու տերևի նման դողալու են, բայց նրանց ոչ ոք այս վիճակից չի փրկելու։ Ժողովուրդը ոտքի է կանգնած, այս մաքրման պրոցեսը պետք է ավարտվի։ Ասում են՝ խոսենք, ի՞նչ հարցեր են ձեզ հուզում, առաջարկ արեք, թող ժողովուրդը լսի ձեր առաջարկները»,- հավելեց նա։
Արամ Գ. Սարգսյանը ներկայացնում է իրենց առաջարկները. «Մեր կուսակցությունն առաջարկ արեց՝ այս շարժման ղեկավարին, ով կարողացել է ժողովրդին ոտքի կանգնեցնել, պետք է աջակցել, բայց Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին պետք է շատ արագ փոփոխության ենթարկի բոլոր խնդրահարույց օրենքները՝ Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, որպեսզի նորմալ ընտրություններ անցկացվեն։ Երկրորդ գաղափարը՝ Ազգային անվտանգության խորհուրդը պետք է նորից վերականգնվի որպես ինստիտուտ։ Իմ խորին համոզմամբ՝ Անվտանգության խորհրդի կազմի մեջ պետք է ընդգրկվի ոչ միայն նախագահը, այլև պետք է դառնա այդ կառույցի ղեկավարը։ Հիմա վարչապետը այլ ֆունկցիաներ ունի, պետք է տնտեսության կառավարման վրա ուշադրություն դարձվի, իսկ Անվտանգության խորհրդի ղեկավարը պետք է նախագահը լինի։ Ինձ համար դա կարևորագույն հարց է»,- ասաց մեր զրուցակիցը։
Մանրամասն ՝ 1in.am