ՀՀԿ-ն մնաց առանց դահճի
Հայտնի է դարձել, որ Գագիկ Ծառուկյանի երդվյալ հակառակորդ Արթուր Հարությունյանը՝ Պալաչ (Դահիճ) մականունով, հեռացվել է ՀՀԿ-ից «կուսակցական կարգապահությունը» խախտելու համար: Ըստ ամենայնի, Պալաչին հեռացրել են ինքնագլուխ Աբովյանի քաղաքապետի թեկնածու գրանցվելու համար:
Բանն այն է, որ համակարգն ազգային միասնության հերթական ակտն է իրականացրել Աբովյանի քաղաքապետի «ընտրության» հարցում: Որոշվել է կանգ առնել այդ չափանիշին համապատասխան թեկնածուի վրա: Դա անկուսակցական Վահագն Գևորգյանն է, որին աջակցում են ՀՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը, Դաշնակցությունը, ՕԵԿ-ը, գեներալներ Մանվելն ու Սեյրան Սարոյանը, Լֆիկ Սամոն եւ այլն:
«Ոհմակը» երկար ժամանակ է ծվատվում է տարաձայնություններից, որոնք առաջացել են անորոշությունից ու փողի պակասից, եւ խիստ անհրաժեշտություն էր առաջացել ցուցադրել միասնությունը: Եվ ահա, Աբովյանի քաղաքապետի ընտրությունն ընձեռել է այդ հնարավորությունը:
Այս իրադարձության նախօրեին էլ Գագիկ Ծառուկյանը կրկին փայլեց եթերում՝ իր ավանդական կերպարով, ինչը ենթադրությունների տեղիք տվեց, որ նա վերադառնում է: Եւ իսկապես նա վերադառնում է, քանի որ նրան օգնել էին դուրս գալ մի տեղից՝ քաղաքականությունից, որն իրենը չէր, ինքն այնտեղ չէր նայվում: Նրան վերադարձրին իր հարազատ միջավայրը, մասնակից դարձնելով «իսկական քաղաքականությանը»: Նա պետք է ֆինանսավորի ազգային միասնության հերթական ակտը:
Եվ ահա, այս ֆոնին Պալաչը ստանում է սկզբունքային գործչի կերպար եւ հնարավորություն: Ի հեճուկս ՀՀԿ-ի՝ նա դրել է իր թեկնածությունը եւ կարող է հռչակել պայքար իշխանության ուզուրպացիայի դեմ: Եվ դեռ հայտնի չէ՝ ով ում դահիճը կդառնա՝ ՀՀԿ-ն Արթուր Հարությունյանի, թե հակառակը:
Աղբյուրը ` Lragir.am