ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձ է կատարվել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և լրագրողների՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած հարց ու պատասխանին։
Հայտարարության մեջ ասվում է.«Երեկ, Ծիծեռնակաբերդում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ոստիկանության պետի արտահայտած միտքը որոշ անձանց կողմից սխալ է ընկալվել և տարբեր թյուր մեկնաբանությունների ու շահարկումների առիթ տվել: Իրականում ոստիկանության պետը լրագրողին չի վիրավորել, ընդամենը հակադարձելով նրա պնդմանը, թե ոստիկանության փոփոխությունները չի տեսնում, որպես ակնհայտը չտեսնելու օրինակ ասել է, թե դա նույնն է, որ իր առաջ կանգնած կնոջը չտեսնել որպես կին: Ի դեպ, բանավոր խոսքում չերևացող չակերտները տեսել և ասվածը հենց որպես փոխաբերություն էլ հասկացել են զրույցին մասնակից բազմաթիվ լրագրողներ, ինչը ակնհայտ է նրանց հրապարակումներից:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ շահարկումներից, մանավանդ որ ոստիկանության պետը բաց ու պատրաստակամ է լրատվամիջոցների հետ աշխատանքում և կարևորում է լրագրողների ներդրումը ոստիկանության գործունեությունը լուսաբանելու գործում: Ի դեպ, հենց ոստիկանության պետի նախաձեռնությունն է՝ առաջիկայում կազմակերպել հանդիպում լրագրողների հետ և քննարկել բոլոր խնդիրները: Կարծում ենք, որ դա ավելի օգտակար կլինի, քան ամեն կարգի թյուրիմացությունների ու շահարկումների տիրաժավորումը»: