«Հին Էրիվանի» սեփականատիրոջը դատավորը «խուժան» է անվանել
«Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Գոհար Մատինյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանն ընդդեմ դատավոր Արմեն Բեկթաշյանի հայցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը»,- այս մասին հայտնում են Մանվել Տեր-Առաքելյանի մամուլի կենտրոնից:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Նաիրա Մարգարյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել հայցը վարույթ չընդունելու մասին, ըստ հիշյալ որոշման, հայցն ընդդատյա չէ առաջին ատյանի դատարանին:
Մանվել Տեր-Առաքելյանի ներկայացուցիչները կբողոքարկեն Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարան: Ավելին, ներպետական բոլոր դատական ատյաններում հաջողության չհասնելու դեպքում կողմը մտադիր է դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ Մանվել Տեր-Առաքելյանը վստահ է, որ կհաջողի:
Գործարարը դատարան էր դիմել պատվի ու արժանապատվության պաշտպանության հայցապահանջով՝ դատավորը, քննելով ձեռնարկատեր Մ.Տեր-Առաքելյանի հայցն՝ անհիմն դուրս է հրավիրել Մ.Տեր-Առաքելյանին դատարանի դահլիճից, ձայնագրառման մեջ լսվում է, թե ինչպես դատավորը ասում է՝ «խուժան»:
Ա. Բեկթաշյանի այս գործողությունների առնչությամբ Մ.Տեր-Առաքելյանը դիմել էր նաև ՀՀ արդարադատության խորհրդին, ՀՀ արդարադատության նախարարությանը, Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին: Արդարադատության նախարարությունից դիմումատուին տեղեկացրել էին, որ «Ձեր բողոքը դատավոր Բեկթաշյանի դեմ ընդունվել է վարույթ», իսկ ՀՀ արդարադատության խորհուրդն ու Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովը առայժմ քար լռություն էին պահպանում: Այս պահի դրությամբ որևէ այլ տեղաշարժ այս հարցում առայժմ չկա»,- ասված է հայտարարության մեջ :
