Հիտլերն ասել էր՝ «ո՞վ է հիշում այսօր հայերին», ահա պատասխանը՝ ամբողջ աշխարհը. Ջորջ Քլունի
Հայոց ցեղասպանության հիմքում ընկած է դաժանությունը, մի ամբողջ ժողովրդի նպատակադրված բնաջնջումը: Այսօր՝ ապրիլի 24-ին, «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ ասել է աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին:
«Հայ ժողովրդի հետ կատարվածը 101 տարի անց տեսնում ենք դրա շարունակությունը: Միեւնույն ժամանակ, ես տեսել եմ խիզախություն եւ բարություն, եւ այսօր մենք մեծարում ենք նրանց լավագույն օրինակները: Եթե ուզում ենք գոյատեւել որպես տեսակ, իրավունք չունենք հայացք թեքել ոչ Սիրիայի, ոչ Հարավային Սուդանի, ոչ Կոնգոյի ժողովրդից. նրանք փախստականներ չեն, այլ սովարական մարդիկ, մեզ նման»,- ասել է դերասանը:
Նրա խոսքով՝ «Ավրորան» խրախուսում է այն մարդկանց, որոնք օգնում են հարյուրավոր մարդկանց. «Մենք հարգում ենք այն 1,5 մլն կյանքերը, որոնք նահատակվեցին 101 տարի առաջ՝ ողբերոգությունը իր անվամբ կոչելով Հայոց ցեղասպանություն: Հիտլերն ասել էր` «ո՞վ է հիշում այսօր հայերին»: Ահա պատասխանը` ամբողջ աշխարհը, ահա թե ով»:
Նշենք, որ Բուրունդիից Մարգարեթ Բարանկիցեն հռչակվել է «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիրը։ Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիրը ճանաչման արժանանալով այն բացառիկ ազդեցության համար, որ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին ունեցել է՝ հազարավոր կյանքեր փրկելով եւ խնամելով որբերին ու փախստականներին։
Aurora Prize մրցանակաբաշխությունը ստեղծվել է, որպեսզի Ցեղասպանությունը վերապրած բոլոր հայերի անունից շնորհակալություն հայտնի փրկիչներին: Հարյուր տարի առաջ նրանց դրսեւորած քաջության հիշատակին մրցանակով պարգեւատրվելու են ժամանակակից հերոսները, որոնք վտանգում են իրենց կյանքը հանուն ուրիշների փրկության:
«Ավրորա» մրցանակը շնորհելով՝ 100 LIVES նախաձեռնությունը ճանաչման է արժանացնում մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար օգնում են մարդկանց: Այն հիմնել են հայ գործարարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանն ու Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:
news.am
