Հնարավո՞ր է «Ժառանգություն»-ը լքի եռյակը
Shabat.am-ը գրում է.Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած եռյակի հանրահավաքից հասարակության մոտ շատ հարցականներ մնացին: Այն, որ լիդերների հայտարարությունները միմյանց ժխտող ելույթներ էին, միանգամայն տեսանելի էր:
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ, հայտարարեց, որ դա դավաճանություն է: Լևոն Տեր-Պետրոսյանը՝ խոսելով այս մասին, ասաց որ անդամակցությունն արդեն անշրջելի գործընթաց է, և մի քանի տասնյակ մարդկանց ջղաձգումներն արդեն զավեշտի են հասնում: Միանգամայն պարզ է, որ սա անուղղակի ձևով ուղղված էր հենց Րաֆֆի Հովհաննիսյանին:
Այս ամենից հետո լուրեր էին շրջանառվում, որ հնարավոր է «Ժառանգությունը» առաջիկայում լքի եռյակը: Հարցի վերաբերյալ shabat.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի հետ:
«Լիդերներ ելույթների տեքստերը նախօրոք են գրված եղել, կարծում եմ, որ սրանով ամեն ինչ ասված է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Մեր այն դիտարկմանը, որ փաստորեն, լիդերները միմյանցից անտեղյա՞կ են ելույթ ունեցել, Մարտիրոսյանը պատասխանեց. «Այո, այդպես է եղել, քանի որ այսպես ասած միասնական ճանապարհային քարտեզ և համաձայնություն չկար, այդ օրը յուրաքանչյուր ելույթ ունեցող՝ այդ թվում նաև լիդերները, իրենք են որոշել իրենց ասելիքը»:
Մեր հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանի վերոհիշյալ նախադասությունն արդյո՞ք ուղղված չէր հենց Րաֆֆի Հովհաննիսյանին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ, նորից եմ կրկնում, Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ է խոսելու, ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը գիտեր Տեր-Պետրոսյանի ելույթի բովանդակությունը»:
Մամուլում Րաֆֆի Հովհաննիսյանի արած այն հայտարարությանը, թե եռյակը միասնական օրակարգ չունի, Արմեն Մարտիրոսյանն այսպես մեկնաբանեց. «Միասնական օրակարգը ձևավորվում է ինչ-որ մի ժամանակահատվածում, եթե այդ պահին չէ եղել, դա դեռ չի նշանակում, որ հետո չի կարող լինել»:
մանրամասները` սկզբնաղբյուրում
