Հնարավոր է, որ ՀՀԿ-ն և եռյակը հայտարարեն քաղաքական բանակցություններ սկսելու մասին.
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հնարավոր է` առաջիկայում ՀՀԿ-ն եւ ոչ իշխանական եռյակը հայտարարեն քաղաքական բանակցություններ սկսելու մասին: Եթե զարգացումներն անկանխատեսելի հունով չընթանան, ապա ենթադրվում է, որ դրանից որոշ ժամանակ անց նաեւ կհայտարարեն, որ կողմերը համաձայնության են եկել. ՀՀԿ-ն կհրաժարվի ՀՀ կառավարման` նախագահական կարգը փոխելուց, բայց կհամաձայնի խորհրդարանի 100 տոկոս համամասնական տարբերակին, ըստ այդմ, կփոխվի նաեւ ընտրական օրենսգիրքը: Այդ ամենը պետք է տեղ գտնի սահմանադրական փոփոխությունների նախագծում: Անցումային դրույթներով էլ պետք է սահմանվի, որ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո անցկացվում են ԱԺ ընտրություններ: Ենթադրվում է, որ մինչեւ տարեվերջ «բանակցությունները» կավարտվեն: Այդ դեպքում 2015-ի փետրվարին ԱԺ-ն կարող է հաստատել ԸՕ փոփոխությունների եւ սահմանադրական փոփոխությունների նախագծերը՝ ապրիլի կեսերին նշանակելով սահմանադրական հանրաքվե: Իսկ հունիսի վերջին արդեն կարող են ԱԺ ընտրություններ տեղի ունենալ: Այս սցենարի հավանականության մասին է խոսում նաեւ «Ժողովուրդ»-ի ստացած այն տեղեկությունը, ըստ որի՝ ՀՀԿ գրեթե բոլոր կառույցներում այս օրերին ընտրությունների կազմակերպման թեմայով ժողովներ են հրավիրվում, որոնց մասնակցում են «ձայն բերող» ՀՀԿ-ականները:
