Հոկտեմբերի 27-ի գործով մահացած ցմահ դատապարտյալի ծնողները պատրաստվում են քրեական գործ հարուցել
1IN.AM-ը գրում է.
Նոյեմբերի 3-ի մահացած՝ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդիկ Գրիգորյանի հարազատները պատրաստվում են քրեական գործ հարուցել իրենց որդու մահվան հանգամանքները պարզելու համար։ Գրիգորյանի հարազատները համոզված պնդում են, որ իրենց որդուն պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, հակառակ դեպքում նա այսօր ողջ կլիներ։
Նշեք, որ պաշտոնական վարկածով՝ Էդիկ Գրիգորյանի սրտի շրջանում ծակոցներ են եղել, որից հետո նա հոսպիտալացվել է, և «Էրեբունի» հիվանդանոցում արձանագրվել է նրա կենսաբանական մահը։
Էդիկ Գրիգորյանի հոր՝ Գարեգին Գրիգորյանի խոսքով՝ իր որդին սրտի հետ կապված խնդիր ունեցել է, չորս տարի առաջ վիրահատվել է և միայն վերջին օրերին է գանգատվել սրտի շրջանում ցավերից։
«Դեպքի օրը նա վատ է զգացել իրեն։ Սրտի շրջանում ցավեր, հևոց է ունեցել։ Երեկոյան 11-ին շտապօգնություն են կանչել։ Բրիգադը գնացել է գիշերը 1-ի կողմերը, ճնշումը չափել են, ԷԿԳ են արել և ինչ-որ ցավազրկող են ներարկել, ամենայն հավանականությամբ՝ անալգին-դիմեդրոլ։ Ցանկացած բժիշկ այդ նշաններից միանգամից պետք է հասկանար, որ նրա մոտ իշեմիկ հիվանդություն է, ստենոկարդիա, որի դեպքում շտապօգնության բժիշկը պարտավոր էր անմիջապես հոսպիտալացնել հիվանդին, անկախ նրանից՝ այդ անձը դատապարտյալ է, խցում է, թե որտեղ։ Սակայն շտապօգնության բժիշկն ասել է, որ այլ խցում էլ հիվանդի պետք է այցելի, որից հետո կհարցնի, եթե թույլատրեն՝ կտեղափոխի Էդիկին հիվանդանոց, և շատ արագ հեռացել է»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Գրիգորյանը, ով նույնպես բժիշկ է։
մանրամասն` 1IN.AM
