Հոլիվուդյան աստղերը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը ներկայացել են «Ես Շառլին եմ» կարգախոսով
Հոլիվուդի աստղերը Լոս Անջելեսում կայացած «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը ներկա են գտնվել «Ես Շառլին եմ» գրությամբ պաստառներով՝ հաջակցություն ֆրանսիական Charlie Hebdo երգիծական թերթի և Ֆրանսիայի ահաբեկչությունների զոհերի հարազատների:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, ակցիային միացել են կինոյի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջորջ Քլունին, Հելեն Միրենը, Դայան Կրյուգերն ու Ջոշուա Ջեքսոնը:
«Կարգախոսը բոլորիս հիշեցնում է խոսքի ազատության իրավունքի պահպանման անհրաժեշտության մասին»,- հայտարարել է Հելեն Միրենը:
Ջորջ Քլունին նշել է, որ միլիոնավոր մարդիկ են փողոց դուրս եկել՝ հանուն այդ գաղափարի: «Ես Շառլին եմ»,- հավելել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորքի հարյուրավոր բնակիչներ փողոց են դուրս եկել «Ես Շառլին եմ» (Je Suis Charlie) պաստառներով՝ աջակցություն հայտնելու Ֆրանսիայում ահաբեկչության զոհերի հարազատներին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում տեղի ունեցած մի քանի ահաբեկչական գործողությունների հետևանքով հունվարի 7-ից մինչ այսօր 17 մարդ է զոհվել: Այդ գործողությունները սկիզբ առան հունվարի 7-ին, երբ մի քանի զինված մարդ ներխուժեց Charlie Hebdo երգիծական շաբաթահանդեսի խմբագրություն և սպանեց 12 մարդու:
