Հոնկոնգի ՆԳ նախարարը երեկույթի մասնակցելու համար հրաժարական է տվել
Հոնկոնգի ներքին գործերի նախարար Կասպար Ցույը հրաժարական է տվել շաբաթներ անց այն բանից, երբ կորոնավիրուսային սահմանափակումների ժամանակ մասնակցել է Չինաստանի ազգային օրենսդիր մարմնի Հոնկոնգի պատվիրակի ծննդյան տարեդարձին, հայտնում է DW-ն։
Խնջույքը տեղի է ունեցել հունվարի 3-ին, ռեստորանում՝ Վիտման Հանգի ծննդյան օրվա առթիվ։ Ներկա է եղել ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ տարածքային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ ներգաղթի եւ հակակոռուպցիոն ծառայությունների ղեկավարներ: Ներկա են եղել նաեւ մոտ 20 պատգամավորներ։
Ներկաների ցուցակը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ առողջապահական մարմինները արարողությանը ներկա վարակված անձ են հայտնաբերել։ Սա զայրացրել է Հոնկոնգի գործադիր իշխանության ղեկավար Քերի Լամին, քանի որ կառավարությունը «զրո COVID» խիստ քաղաքականություն է վարում:
Խնջույքի լուսանկարներում, որոնք հայտնվել են տեղական լրատվամիջոցներում, երեւում է, թե ինչպես են խրախճանքի մասնակիցները կարաոկե երգում եւ խմբակային լուսանկարվում՝ առանց դիմակների:
Իշխանությունները հայտնել են, որ ռեստորան մտնելիս Ցույը չի օգտագործել կոնտակտների հետագծման կառավարության հավելվածը, ինչն այժմ պարտադիր է: Նա նաեւ դիմակ չի կրել՝ չնայած այն կանոնին, որ պետք է կրել, եթե չես ուտում եւ չես խմում։