Հովիկ Աբրահամյանը ինքնաթի՞ռ է գնել
Մեր տեղեկություններով, անցած հինգշաբթի օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնավոր այցով մեկնել է Հունաստան եւ շտապ վերադարձել: Նրան այնտեղ դիմավորել են ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու ԲՀԿ-ից այլ անդամներ:
Չի բացառվում, որ Հունաստանում է եղել նաեւ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: Երեկ մենք փորձեցինք պարզել, թե ինչու է Հովիկ Աբրահամյանն այդքան հրատապ մեկնել Հունաստան: Վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը հերքեց, որ նման բան է եղել:
Հիշեցնենք, որ կառավարության նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին, բայց անցյալ շաբաթ այդ նիստը տեղափոխվել էր ուրբաթ օրը: Հինգշաբթի օրը, սակայն, վարչապետը հասցրել էր կարճ հանդիպում ունենալ ՀՀ-ում Քուվեյթի դեսպանի հետ:
Հավելենք նաեւ, որ նույն տեղեկությունների համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը վերջերս ինքնաթիռ է գնել, որը վարձակալության է տալիս տարբեր ընկերությունների: Վարչապետը, ըստ մեր աղբյուրների, Հունաստան է թռել հենց այդ ինքնաթիռով: Գոհար Պողոսյանը հերքեց նաեւ, որ Հովիկ Աբրահամյանն ինքնաթիռ ունի: