ՀՔԾ պետը կհամալրի պետական և ծառայողական գաղտնիքի տիրապետող պաշտոնատար անձանց ցանկը
Հայաստանի քննչական ծառայության պետը կհամալրի այն պետական պաշտոնյաների ցանկը, որոնք հաստատված են Կառավարության 1997թ.` «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» N 350 որոշման մեջ, որում նախատեսվում է կատարել փոփոխություն: Որոշման նախագիծը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում:
Որպես իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն նշվում է, որ Հատուկ քննչական ծառայության գործառութային առաքելությունն ուղղակիորեն ենթադրում է նաև վերջինիս գործունեության ընթացքում գաղտնիության որոշակի մակարդակի ապահովում:
Առաջարկվող նախագծով արծարծվող մտահոգությունը պայմանավորված է այն իրողությամբ, որ տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություն ունեցող սուբյեկտների շարքում անհասկանալի պատճառներով Հատուկ քննչական ծառայության պետը դեռևս չի նախանշվել:
Առկա իրավակարգավորման բացը խնդիրներ է առաջացնում այն իմաստով, որ ստացվում է` նախաքննական մարմնի ղեկավարը, ով իր պաշտոնեական առաքելությամբ առնչվում է հենց խնդրո առարկա բնույթի տեղեկատվությանը, անմիջականորեն տիրապետելով այն, ի պաշտոնե չունի տեղեկությունը պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություն:
