Հրազդանի քաղաքապետի հորեղբոր թոռը տղամարդու է վրաերթի ենթարկել
Հուլիսի 4-ի առավոտյան Հրազդանի բնակիչ Սևակ Դանիելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում, Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցն անցնող, Կոտայքի մարզի բնակիչ, 58-ամյա Գրիգոր Մարգարյանին: Բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար:
Հրազդանի իր աղբյուրներից «Իրավունք»-ը տեղեկացել է, որ վրաերթի հեղինակը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հարազատ հորեղբոր՝ Ֆելիքս Դանիելյանի թոռն է: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ու մանրամասներ պարզել քաղաքապետից, ով սակայն, լսափողը վերցնելով և տեղեկանալով, որ լրագրող է զանգահարել, միայն ասել է.« Հետո, հետո, մի զանգեք, խնդրում եմ, խառն եմ...»:
Այսքանից հետո արժե հիշել, որ դեռ միայն վերջերս էր, որ հոր ծառայողական մեքենայով մահացու վրաերթ կատարելու մեջ մեղադրվեց Հրազդանի քաղաքապետի որդին՝ Ռազմիկ Դանիելյանը: Եվ եթե այդ գործը ներկայիս «տարօրինակ» ընթացքը չունենար, միգուցե պարոն քաղաքապետի այս մյուս ազգականը շատ ավելի զգույշ լիներ ղեկին ու այս հերթական վթարը չլիներ: Լավ է միայն, որ Ռազմիկի օրինակով Սևակն էլ չի շտապել փախչել դեպքի վայրից:
