Հունվարին գրանցվել է 4.5 տոկոս պարենային գնաճ
Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2015թ-ի հունվարի վիճակագրությունը, համաձայն որի 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4.5 տոկոս գնաճ: Նույն ժամանակահատվածում սպառողական շուկայում արձանագրվել է 2.5 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների գնաճով: Ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում նշված ժամանակահատվածում գներն ու սակագներն աճել են 0.5 տոկոսով:
2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.3 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 105.3 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 102.4 տոկոս, ծառայությունների սակագներինը`103.2 տոկոս: 2015թ. հունվարին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 127.4 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 133.9 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 117.4 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 121.0 տոկոս:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 2.2-3.6 տոկոս գնաճ: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.2 տոկոսով:
Աղբյուր` Slaq.am
