Հյուրանոցի սենյակները գումարի դիմաց տվել է մարմնավաճառների. մատուցողուհին ազատազրկվեց 3 տարի 3 ամսով
Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող մատուցողուհին դատապարտվեց 3 տարի 3 ամսվա ազատազրկման:
Ըստ մեղադրանքի՝ Կապանում գտնվող հյուրանոցներից մեկի մատուցողուհին այս տարվա հուլիսից մինչեւ սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար հյուրանոց է հրավիրել կապանաբնակ մարմնավաճառների, որոնք հյուրանոցի առաջին հարկում գտնվող սենյակներում 10-15 հազար դրամի դիմաց սեռական հարաբերություն են ունեցել հաճախորդների հետ:
Դատարանում մատուցողուհին իրեն մեղավոր էր ճանաչել եւ միջնորդել դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանը բավարարել էր միջնորդությունը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մատուցողուհուն մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ դատապարտել 3 տարի 3 ամսվա ազատազրկման: Նշենք, որ մատուցողուհին նախկինում պայմանական ազատազրկման է դատապարտված եղել եւ դատավճռի կայացման ժամանակ եղել է փորձաշրջանի մեջ:
