Հյուսիս-հարավ ճանապարհի որոշ հատվածներ կարող են վճարովի լինել. նախարար
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ անցյալ տարվա համեմատ բյուջեից հատկացվող գումարների կրճատումներն արտահայտվելու են նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհային ծրագրի վրա:
«Անդրադառնալու է բոլոր ճանապարհների վրա։ Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք ունենալ լավ ճանապարհներ, բայց եթե բյուջեում հատկացումները շատ լինեն, շատ կկառուցենք»,- ասաց նա: Կոնկրետացնելով, թե հատկապես ինչ կերպ են կրճատումներն ազդելու «Հյուսիս-հարավ»-ի վրա, նախարարը նշեց.
«Մենք կաշխատենք գերակատարել մեր պարտավորությունները՝ կախված բյուջետային հոսքերից։ Ի՞նչ եք կարծում՝ արժե՞ այսօր շատացնել մեր վարկային բեռը, թե՞ ոչ»:
Դիտարկմանը, թե, փաստորեն, ավելի նվազ գումարներով հնարավոր կլինի անել այն, ինչի համար նախատեսված էր ավելի շատ գումար, նախարարն արձագանքեց՝ նշելով, որ նման բան չի ասում, բայց եթե հնարավոր լինի, այդպես կարվի:
Պատասխանելով հարցին՝ մասնավորի ներգրավումը «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման գործընթացին արդյոք նշանակո՞ւմ է, որ հետագայում այդ ճանապարհը վճարովի է դառնալու, Մարտիրոսյանը նշեց. «Կարող են լինել հատվածներ, որոնք կդառնան վճարովի: Որտեղ, որ հնարավոր է այլընտրանքային ճանապարհ, կարող է այդ հատվածում վճարովի լինել: Հիմնականում, երևի, լինեն թունելային կամ կամրջային մասերը: Բայց դա դեռ քննարկման ընթացքում է»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածի կառուցման ավարտը նախատեսվում է մինչև 2019 թվականի սկիզբ:
