«Իմ կինն ինձ ի՞նչ վատություն ա արել, որ ես էլ նման բան անեմ». Մնացական Մնացականյան
Ապրիլի 17-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում սպասվում են Ավագանու եւ քաղաքապետի ընտրություններ:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Թալինի քաղաքապետի պաշտոնում սեփական թեկնածուի հարցի շուրջ դեռեւս հստակ որոշում չունի ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը, ով Թալինում քաղաքապետ է աշխատել շուրջ 10 տարի: Չնայած նրան, որ պատգամավոր Մնացական Մնացականյանը մինչ այս պահը չի անկեղծանում, թե ում կցանկանար տեսնել Թալինի քաղաքապետի աթոռին, բայց եւ շարունակում է հերքել տարածված այն տեղեկությունները, որ ինքը լուրջ ցանկություն է ունեցել իր կնոջը դարձնել Թալինի քաղաքապետ:
«Իմ կինն ինձ ի՞նչ վատություն ա արել էսքան ժամանակ, որ ես էլ նրան որոշեի քաղաքապետ դարձնել: Նա իրա գործն ունի, աշխատում է: Քաղաքապետը նախ լուրջ դժվարություններ ենթադրող պաշտոն է, լուրջ ծանրաբեռնվածություն, ինքն էլ իրա գործն ունի, աշխատում է: Չգիտեմ որտեղից են էդ խոսակցությունները»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց Մնացականյանը:
Թե ո՞ւմ է սատարելու քաղաքապետի ընտրություններում՝ տարածքի պատգամավորը, այդպես էլ չհստակեցրեց, միայն հավելեց, որ.«Ես հանրապետական եմ, ում Հանրապետականը ներկայացնի, ես էլ նրան պիտի պաշտպանեմ»:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն խոսակցություններին, որ շատ վաղուց իր դիրքերը թուլացել են հարազատ կուսակցության ներսում, Մնացականյանը արձագանքեց. «Էդ ով ասեց, որ տենց բան կա: Ա՜յ քեզ բան, մնում-մնում մի բան խոսում են: Ես շատ լավ եմ, իրանք՝ թող լավ լինեն: Ինձ ինչ ա եղել, ո՞ր»-իրենից գոհ պատասխանեց պատգամավոր Մնացականյանը: