Ի՞նչ է խնդրելու Ձմեռ պապից դերասանուհի Օլյա Հակոբյանը
Տարեմուտին Fnews.am-ը զրուցել է դերասանուհի Օլյա Հակոբյանի հետ։ Դերասանուհին ամփոփել է անցնող 2017 թվականը և պատմել` երբ և որտեղ է դիմավորելու Ամանորը։
-Օ՛լյա, ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2017 թվականը։
-2017 թվականն ինձ համար հաջող տարի էր․ շատ գոհ եմ։ Այս տարվա ավարտին էլ տարին ինձ զարմացրեց հաճելի եղանակով։ Այնպես որ, շատ լավ տարի էր։
-Տարեմուտին ամփոփելով Ձեր ձեռքբերումները` հատկապես որո՞նք կառանձնացնեիք։
-Իմ ձեռքբերումները մեծ մասամբ եղել են աշխատանքի ոլորտում։ Մի քանի հեռուստաընկերություների հետ կապեր հաստատվեցին, եղավ աշխատանքային պրոցես՝ հաճելի մարդկանց հետ համագործակցություն:
-Ասում են՝ Ամանորը դիմավորելիս ոմանք ունեն յուրահատուկ ավանդույթներ։ Ասենք՝ ոմանք երազանքը գրում են թղթի վրա, այն կախում տոնածառից։ Ձեր դեպքում կա՞ն այն այսպիսի ավանդույթներ։
-Ցավոք, չունեմ այդպիսի ավանդույթներ, բայց այս տարի կմտածեմ (ծիծաղում է-հեղ․)։
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ 2018-ի հետ կապված։
-Հուսամ, որ 2018-ը կլինի շատ բուռն աշխատանքային տարի՝ լի նոր առաջարկներով, պրոյեկտներով։ Ակնկալում եմ, որ այս տարի վերջապես մեկնեմ հանգստի։
-Առաջիկայում ի՞նչ նոր կերպարներ եք կերտելու։ Մի փոքր կբացե՞ք փակագծերը։
-Նոր կերպար կներկայացնեմ հեռուստադիտողին «Երկիր մեդիա»-ով հեռարձակվող «4 հարկ» հեռուստանովելում, որի նկարահանումները իմ կերպարի հետ կապված՝ դեռ չեն սկսվել։ Շուտով «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի նաև «Վերջին գործարքը» ֆիլմը, իսկ այլ կերպարների մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել։
- Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք դիմավորելու Ամանորը։
-Հավանաբար, տանը կդիմավորեմ Ամանորը։ Այդ մասին մտածելու համար ժամանակ չունեմ, քանի որ վերջին շաբաթները հագեցած են նկարահանումներով, միջոցառումներով, հաղորդումներով․ հիմա շատ հոգնած եմ, և կարծում եմ՝ 31-ի գիշերը կնախընտրեմ քնել։
-Արդեն հասցրե՞լ եք նվերներ ընտրել սիրելիների համար։
-Դեռ ոչ մի նվեր չեմ հասցրել գնել՝ դարձյալ ժամանակի բացակայության պատճառով։ Հուսամ՝ գոնե դեկտեմբերի 31-ին կհասցնեմ նվերներ ընտրել։
-Առավելապես սիրում եք նվիրե՞լ, թե՞ նվերներ ստանալ։
-Ես շատ եմ սիրում նվիրել և հաճելի է, երբ իմ նվերը դուր է գալիս ինչ-որ մեկին, բայց, իհարկե, շատ եմ սիրում նաև նվերներ ստանալ՝ հատկապես սիրելի մարդկանցից։
-Ասում են՝ նույնիսկ մեծահասակներն են հավատում Ձմեռ պապի գոյությանը։ Ձեր պարագայում այդպե՞ս է։ Եթե այո, ապա ի՞նչ եք խնդրելու նրանից այս տարի։
-Ձմեռ պապիկին կխնդրեմ, որ մի քանի երազանք կատարի, բայց այդ մասին չեմ բարձրաձայնի, որպեսզի դրանք իրագործվեն։
-Ձեր տոնական բարեմաղթանքը։
-Ես, ինչպես միշտ, ցանկանում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի, առողջ լինենք բոլորս, իսկ մնացած բաներին կարելի է հասնել աշխատանքով և անընդհատ կատարելագործվելու ձգտումով։
Հ. Աբրահամյան