Ինչ է խոստացել Գյումրու քաղաքապետը Լևոն Սարգսյանին
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչն Լևոն Սարգսյանը ներկա է գտնվել Գյումրիում անցկացվող երիտասարդ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնին:
Պատգամավորը բարձր է գնահատել փառատոնի դերն ու նշանակությունը գյումրեցիների կյանքում: Նրա խոսքով` այս մրցույթը հնարավորություն է տալիս Գյումրիին ավելի ճանաչելի դարձնել:
«Նախորդ տարիների համեմատ, այս տարի մասնակիցների թիվն աճել է, ինչը լայն հնարավորություն է հետագայում ընդլայնելու փառատոնի մասնակիցների աշխարհագրությունը»,- ասել է նա:
Լևոն Սարգսյանի խոսքով` հաջորդ տարի Գյումրու քաղաքապետի աջակցությամբ նախատեսվում է բացել փառատոնային կենտրոն, որտեղ կանցկացվեն տարբեր փառատոններ:
«Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն անձամբ ինձ խոստացել է, որ հաջորդ տարի «Վերածնունդ» փառատոնը կանցկացվի նոր կենտրոնում: Այն այս տարի տեխնիկական որոշ պատճառներով շահագործել չկարողացանք: Այս փառատոնը հնարավորություն է տալիս բացահայտել մեր տաղանդաշատ երիտասարդներին»,-ասել է նա:
Հարցին, թե ավելի նպատակահարմար չէր լինի փառատոններին հատկացվող գումարներն ուղղել թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքներ համար, պատգամավորը եզրափակվեց մեկ նախադասությամբ. «Մենք միջոցառումները կազմակերպում ենք մեր հնարավորությունների սահմաններում»:
