Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել, մի կաթիլ մեղր սարքել
Ինչ որ պետք ա, պատասխանած ա. ոչ թե ԱԺ ծանուցագիր են ուղարկել, նոր ենք պատասխանել, այլ հենց առաջին անգամ ուղարկել էին, այդ հարցի պատասխանը փակ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով ՀՔԾ ծանուցածիր ստանալուց հետո չներկայանալուն:
Ծառուկյանին հունից հանեց հարցը, թե մտավախություն չունի՞, որ իրեն բերման կենթարկեն. «Դատարկ-դատարկ խոսում ես, մտածի ինչ ես ասում: Մամլո խոսնակն իրավունք չունի քննիչի տեղը խոսելու, ինչ պետք է մենք պատասխանել ենք»:
Դիտարկմանը, թե օրենքին ենթարկվելը դատարկ խոսակցությո՞ւն է, Ծառուկյանն արձագանքեց. «Հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի: Ծառուկյանը կետ առ կետ ամեն ինչ կատարում է: Դուք ավելի լավ է գնացեք գործը բացահայտեք, Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի:
Մենք այդ հարցը փակել ենք, սաղ երկրի խնդիրը մի կաթիլ մեղն է եղել: Ծառուկյանը դրա հետ կապ չունի, Ծառուկյանն իր կարծիքն է ասել: Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել, մի կաթիլ մեղր սարքել:
Ծառուկյանն ասում է՝ հարգում եմ օրենքը, բոլորը պարտավոր են օրենքի առաջ, Ծառուկյանի օբյեկտները առավոտից իրիկուն ստուգում են: Եթե դրա կարիքը լիներ, որ Ծառուկյանի անհրաժեշտությունը լիներ, մի հազար հոգի ուղարկել էին, Ծառուկյանին տարել էին: Ինքստինքյան շոու է սարքած, Ծառուկյանն ի՞նչ կապ ունի: Ես այսօր էլ եմ ասում, որ սարքած է, դա իմ կարծիքն է: Եթե դա չբացահայտվեց, դա սարքած գործ է: Ուզեցել են ստվեր գցեն ընտրությունների վրա: Ոնց կարար ես պետք լինեի ու չգնայի»:
