Ինչ նպատակներ են հետապնդում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ հարվածները․ պատգամավորը մանրամասնում է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ տարաբնույթ հարվածները մի քանի հիմնական նպատակներ են հետապնդում և դրանք իրականացվում են մեկ կենտրոնից:
Չնայած այդ հարձակումներում տարբեր խմբեր, գործիքներ են կիրառվում, այնուամենայնիվ դրանք բոլորը ընդհանուր նպատակների են ծառայում:
Եկեղեցու նկատմամբ հարվածների առաջին պատճառն այն է, որ նա օրվա պետականաքանդ իշխանության պայմաններում, առավել ընդգծված ստանձնել է պետության և պետականության պաշտպանության գործառույթ:
Երկրորդ, Մայր Աթոռն Արցախն անցյալ չի համարում, Արցախի էջը փակված չի համարում և ամենակարևորը` հանուն Արցախի պայքարն ավարտված չի համարում:
Երրորդ, Հայոց Եկեղեցին դարեր շարունակ ազգի հավիտենականությունը պաշտպանող կարևոր համակարգ է եղել և հայերի համար տարբեր հարվածներից պաշտպանող իմունային ինստիտուտ, որն իր վրա է վերցրել ազգի ու պետականության ուղղությամբ եկող հարվածները:
Ստեղծված իրավիճակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անշուշտ չի ընկրկի, սակայն նրանից միակ սպասումը դա չէ:
Մայր Աթոռը մեր բոլորի սատարմամբ ու մասնակցությամբ պետք է ընդլայնի իր ազդեցությունն ու խոսքը հնարավոր բոլոր ուղղություններով` կանխելու մեր երկրի դեմ իրականացվող ներքին և արտաքին ոտնձգությունները` որքան որ նրա հավաքական ուժն ու հնարավորությունն առավելագույն իրացմամբ թույլ կտան»- գրել է պատգամավորը։