Ինչեր ասես, որ չենք անի հանուն Պուտինի...
Նախախորհրդարանի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած պետական այցին.
«Հանուն Պուտինի՝ մեր առանց այն էլ շրջափակված հայրենիքում այսօր կրկնակի պատնեշներ էին դրվել, և Պուտինը մի քանի ժամ, փաստորեն, վայելում է շրջափակված Հայաստանի ոստիկաններով շրջափակված Գյումրիի ռուսական ռազմաբազայի վստահելի երանելի պաշտպանությունը:
Չնայած Պուտինին Հայաստանում ոչինչ չէր սպառնում, Պուտինին հայաստանյան հանրությունից մեկուսացնելու այս «իմիտացված պաշտպանությունը», մեր իշխանությունների անիմաստ, իր քաղաքացիների զայրույթը լրացուցիչ գրգռելուց զատ ոչնչի չծառայող ցածրորակ ուժի ցուցադրությունը և Պուտինի «ջերմ ընդունելության» ավելի ապաշնորհ իմիտացիան ևս մեկ անգամ ընդծեցին մեր իշխանությունների կառավարման հմտությունների ավելի ու ավելի նվազող որակը: Տխուր է:Ամեն ինչից զատ, Հայաստան գալու առիթով Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտումներին երանելի անգիտություն ձևացնելով եռակի շրջափակված Գյումրիում՝ Պուտինն ընդունում է ՀՀ նախագահին /տես է, ինչպես հաջողեցրեց հարևանի տանը տանտիրոջն ընդունել/՝ խորհրդանշայնացնելով Հայաստանի եռակի շրջափակումը իր տեսլական Եվրազեսում: Առաջին, և նախ և առաջ «մաքսային» շրջափակում ՄՄ-ից, բոլոր հարևանների հետ հարաբերությունները սահմանում են ռուս սահմանապահները՝ երկրորդ շրջափակում և Հայաստանի քաղաքացիների՝ արտաքին աշխարհի հետ հարաբերությունները, ելումուտը, այդ թվում՝ օդային, հսկում են ռուս սահմանապահները՝ երրորդ շրջափակում:Եվ ամեն ինչից զատ, եռակի շրջափակված երկրի բնակչության արտաքին ճնշումներից ինքնապաշտպանության բոլոր հնարավորությունները տրված են շրջափակված երկրի շրջափակումն իրականացնող կենտրոնին: Այս ամենից հետո, անշուշտ, օրինաչափ է, որ Պուտինը Հայաստանի նախագահին առհասարակ «ընդունեց»: Կարող էր նաև չընդունել»:
