Ինչո՞ւ է կտրուկ թանկացել խոզի միսը
1in.am-ը գրում է.Հայտնի է, որ վերջին շրանում Հայաստանում կտրուկ թանկացել է խոզի միսը: 1 կիլոգրամը 2800-3000 դրամից հասել է մինչև 4200 դրամի: Այս փաստն ընդամենը արձանագրվեց, սակայն պատկան մարմինները որևէ բացատրություն չտվեցին, թե որն էր այդ կտրուկ գնաճի պատճառը:
«Առաջին լրատվական»-ը տեղեկություններ ստացավ, որ այդ թանկացումից առաջ Հայաստանի խոշոր խոզաբուծական ֆերմաներից մեկում կտրուկ անկում է տեղի ունեցել: Դա «Վասանավի» ընկերությունն է, որը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահան Կարապետյանին: Ընդ որում՝ պատգամավորը ևս մեկ խոզաբուծական ֆերմայում սեփականատեր է արդեն Հանրապետական կուսակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: Եվ, մեր տեղեկություններով, այս ընկերություններում խոզի ամբողջ գլխաքանակի անկում է տեղի ունեցել: Ընդ որում՝ մոտ 25.000 խոզ է սատկել միայն «Վասանավի» ընկերությունում:
Վ.Կարապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իր սեփականությունը հանդիսացող ընկերությունում նման անկում է գրանցվել, և այսօրվա դրությամբ ոչ մի կենդանի չի մնացել: Պատգամավորը չցանկացավ խոսել այդ անկման պատճառների մասին, բայց, ամենայն հավանականությամբ, պատճառը ինչ-որ հիվանդություն է եղել: Եվ հետաքրքիր է, որ այդ հիվանդությունը գրանցվել է միայն Վ.Կարապետյանին պատկանող ընկերությունում, ու ոչնչացրել է կենդանիների ամբողջ գլխաքանակը: Հայաստանի որևէ այլ խոզաբուծական խոշոր կամ փոքր ընկերությունում նման դեպք կարծես թե չի հիշատակվում: Եվ մեր աղբյուրները չբացառեցին անգամ, որ այդ անկումը բոլորովին էլ պատահական չի եղել, հակառակ պարագայում այն կարող էր նկատվել նաև այլ գործարարների պատկանող խոզաբուծական ֆերմայում կամ գյուղացիական տնտեսություններում:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
