Ինչո՞ւ է սպանվել հնագետը
Երեկ Կոտայքի մարզի Ակունք գյուղում սպանված հնագետ, Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ բրոնզե դարի բաժնի աշխատող, 59-ամյա Ֆիրդուս Մուրադյանի գործընկերները զայրացած են՝ ինչո՞ւ է Ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ թաքցվել սպանություն կատարած անձի՝ 34-ամյա Ավգուստին Ա.-ի ազգանունը (այն դեպքում, երբ սպանվողի անուն-ազգանունը ներկայացվել է ամբողջությամբ): Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք շատ լավ են ճանաչում սպանությունն իրականացնողին՝ Ավգուստին Աբրոյանին. Վերջինս ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության տնօրենի՝ Արմեն Աբրոյանի եղբայրն է:
«Սպանությունն, ըստ երևույթին, կատարվել է դավադրաբար՝ հետևից մոտենալով, քանի որ այլ կերպ հնարավոր չէր սպանել նրան»,- ասաց գործընկերներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ: Դեպքին ականատես են եղել եկեղեցու մոմավաճառուհին և Ֆիրդուս Մուրադյանի հետ աշխատող երկու բանվոր: Պեղումներ իրականացնող գիտական խմբի մյուս աշխատակիցները (մյուս հնագետը, ճարտարապետն ու մյուս 4 բանվորները) այդ պահին դեպքի վայրում չեն եղել: 168.am-ին հայտնի դարձավ նաև, որ Ֆիրդուս Մուրադյանի և Ավգուստին Աբրոյանի միջև անցած երկու ամսվա ընթացքում (նշված աշխատանքները սկսվել են մոտ երկու ամիս առաջ) մեկ անգամ եղել է վիճաբանություն, ինչը հարթվել է խմբի անդամների միջամտության շնորհիվ, սակայն, ինչպես տեղեկացրին հնագետները, այդպիսի վիճաբանություններ միշտ էլ լինում են նման պեղումների ժամանակ, ու սովորաբար գիտական խմբի ղեկավարն ինքն է որոշում՝ ինչպե՞ս փորել, հողն ո՞ւր թափել, և այլն: Վիճաբանությունները, ըստ պատմողների, եղել են նման կարգի հարցերի շուրջ:
Ավգուստին Աբրոյանը եղել է Ակունք գյուղի Պողոս-Պետրոս եկեղեցու տարածքում Կոտայքի թեմի կողմից եկեղեցու վերականգնման համար ընտրված նախագծա-շինարարական ընկերության ղեկավարը, որն էլ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտից վարձել է գիտական խումբ՝ Ֆիրդուս Մուրադյանի ղեկավարությամբ եկեղեցու տարածքը պեղելու, մասնավորապես՝ հիմքը ստուգելու համար, որպեսզի հետագա ամրացման աշխատանքներն արդյունավետ լինեն:
