Ինչո՞ւ Ֆարմանյանը մանդատից հրաժարվելու դիմում չի գրում.
Ժողովուրդ թերթը գրում է. Նոյեմբերի 13-ին լուրեր տարածվեցին, որ Աժ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Սամվել Ֆարմանյանը քաշքշել են միմյանց: Ֆարմանյանը հայտարարեց, թե ոչ հարիր բառապաշարով էր Զուրաբյանը փորձել խոսել իր հետ, ինչի համար «դաստիարակչական ապտակ» էր տվել: Երեկ էլ Զուրաբյանը հակադարձեց, թե «իմ ոտքը, այնուամենայնիվ, անցել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանները: Ես դատապարտում եմ իմ ոտքի արարքը»: Հիշո՞ւմ եք՝ 2010թ. դեկտեմբերին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւս «դաստիարակչական ապտակ» տվեց ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին, երբ վերջինս Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ վիրավորել էր իր կնոջը: Եւ ի՞նչ եղավ հետո. ՀՀ նախագահի նստավայրի երիտասարդները, այդ թվում եւ Ս. Ֆարմանյանը, կուլիսային «վերջնագիր» ներկայացրեցին Սերժ Սարգսյանին՝ պնդելով, որ Բեգլարյանը պետք է հրաժարական տա: Այդպես էլ եղավ: Հիմա դերերը փոխվել են՝ ՀՀ նախագահի նախկին մամլո խոսնակ Ֆարմանյանն է ապտակել իր գործընկերոջը: Ինչո՞ւ մանդատից հրաժարվելու դիմում չի գրում:
