Ինչպե՞ս է կատարվում գույքահարկի հաշվարկումը
Ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին:
Գույքահարկ վճարող ֆիզիկական անձինք գույքահարկը հաշվարկում են ինքնուրույն և տարեկան հաշվարկները կարող են մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ ներկայացնել`
1) հարկվող օբյեկտ համարվող շինության համար` շինության գտնվելու վայրի հաշվառող մարմին.
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար` հարկ վճարողի հաշվառման վայրի հաշվառող մարմին: Հաշվառման վայրի բացակայության դեպքում հաշվարկները ներկայացվում են հարկ վճարողի հիմնական բնակության վայրի հաշվառող մարմին: Եթե հաշվառման կամ հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա հաշվարկները ներկայացվում են փոխադրամիջոցի գրանցման վայրի հաշվառող մարմին:
Հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից շինությունների հաշվառման և գնահատման, ինչպես նաև փոխադրամիջոցների գծով հաշվառում (գրանցում) վարող համապատասխան լիազոր մարմինների կողմից փոխադրամիջոցների վերաբերյալ ներկայացված տեղեկությունները` հաշվառող մարմինները հաշվարկում են ֆիզիկական անձանց շինությունների հետագա երեք տարիների և փոխադրամիջոցների ընթացիկ տարվա գույքահարկի գումարները:
2003 թվականի հունվարի 1-ից սկսած` տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով գույքահարկի հաշվարկման հայտը հարկային մարմնի հետ համաձայնեցնելով, հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից շինությունների հաշվառման և գնահատման, ինչպես նաև փոխադրամիջոցների գծով հաշվառում (գրանցում) վարող համապատասխան լիազոր մարմինների կողմից փոխադրամիջոցների վերաբերյալ ներկայացրած տեղեկությունները` կարող են հաշվարկել ֆիզիկական անձանց շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկը:
Տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինները, օրենքով սահմանված կարգով ներկայացված տեղեկությունների կամ հարկային մարմինների հետ համաձայնեցված կարգով իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա, մինչև գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում են հաստատված ձևով գույքահարկի վճարման ծանուցագրեր:
Ներկայացված ծանուցագրերում գույքահարկի հաշվարկի հետ չհամաձայնելու դեպքում ֆիզիկական անձինք գույքահարկի հաշվարկի ճշտման նպատակով կարող են դիմել հաշվառող և գույքահարկի հաշվարկման համար տեղեկություններ տրամադրող լիազոր մարմիններ:
Սահմանված ժամկետից ուշ ծանուցագիր ներկայացնելը կամ ծանուցագիր չներկայացնելը գույքահարկ վճարողին չի ազատում հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելու պարտականությունից: