Ինչպես կդիմավորեն «Գիշերային գայլերին» Արցախի սահմանին
Lragir.am-ը գրում է .
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահի առաջին տեղակալ սերգեյ Սաժումյանը հայտարարել է, որ հուլիսի 31-ին Հայաստան կժամանեն «Գիշերային գայլերը» եւ նրանց հետ միասին կժամանի Ռուսաստանի հայերի միության շրջանակում ստեղծված մոտոխումբը:
Օգոստոսի 1-ին նրանք մտադիր են լինել Երեւանի Հանրապետության հրապարակում, այցելել Ծիծեռնակաբերդ, իսկ հետո մեկնել Լեռնային Ղարաբաղ:
«Գիշերային գայլերը»՝ դա բավական ագրեսիվ տրամադրված բայքերների խումբ է, որոնք առաջ են մղում Վլադիմիր Պուտինի պայսերական գաղափարները: Ինքը Պուտինը երբեմն հանդիպում է նրանց հետ, եւ երեւի թե տալիս ցուցումներ, թե որտեղ կա ապառուսիֆիկացման վտանգ եւ ուր պետք է գնալ:
Ընթացիկ տարվա հունվարի 31-ին Ղարաբաղի ոստիկանությունն ու հայրենասեր երիտասարդության խումբը մահակներով եւ ավտոմատներով դիմավորեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին եւ նրանց ընտանիքներին: Նրանց մեղադրեցին հայերի ազգային միասնությունը խախտելու մտադրության մեջ: Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանը կոչ էր անում ապրիլի 24-ին սկսել բողոքի ակցիաներ իշխանափոխության պահանջով:
Ինչի՞ համար են գալիս Պուտինի «Գիշերային գայլերը»: Հայաստանի անկախությունը, անվտանգությունը եւ ազգային միասնությունը ամրապնդելու՞ նպատակով: Գուցե նրանք գալիս են պատմելու ռուսական կայսրության անկման մասին, եւ այն մասին, որ «ռուսական ցարը Ղարաբաղին ազատությու՞ն» է տալիս:
Հազիվ թե: «Գիշերային գայլերը» գալիս են, որպեսզի «նշեն» ռուսական աշխարհի տարածքը, որում Հայաստանն ու Ղարաբաղը մնացել են վերջին կղզյակները, որ բարեխոսում են Ռուսական կայսրության տարածքում անկախության մասին: Պատահական չէ, որ «Գիշերային գայլերին» պետք է ուղեկցեն Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները: Այդ կազմակերպությունը հանդիսանում է «Ռուսաստանի կազմում հայերի անկախության» գաղափարի դրոշակակիրներից մեկը:
Հայերին ժամանակն է որոշել՝ կամ անկախությունը, կամ Ռուսաստանի կազմը: Ինչպե՞ս կդիմավորեն «Գիշերային գայլերին» Ղարաբաղի սահմանին՝ մահակներո՞վ, թե՞ թթի օղիով: