Ինչու է Հայաստանում եղանակային ռեկորդներ սահմանվում...
Չնայած, փետրվարը համարվում է ձմռան ամիս, բայց այս օրերին այնպիսի բարձր ջերմային ֆոն է, որ կարծես, ոչ թե ձմեռ է, այլ գարուն: Թե ինչո՞վ է պայմանավորված ձմռանը նման բարձր ջերմաստիճանը, եւ ի՞նչ հետեւանքների այն կարող է հանգեցնել, Fnews.am-ը փորձեց պարզել Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանից, ով մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց.
-Այս օրերին Հայաստանում եղանակային ռեկորդներ են սահմանվում, տեղի է ունենում անոմալիա: Ջերմաստիճանը ամբողջ հանրապետության համար նորմայից 8-12 աստիճանով բարձր է:
-Հնարավո՞ր է, որ ջերմաստիճանի կտրուկ նվազում լինի, որն էլ կհանգեցնի ցրտահարության:
- Ես չեմ կարող ասել ցրտահարություն կլին, թե ոչ, որովհետեւ անկանխատեսելի է, թե քսան-երեսուն օր հետո ջերմաստիճանը կիջի 0-ից ցածր, թե ոչ: Կարող եմ միայն ասել, որ նման եղանակը անհամաչափ է, նման ձմեռներ եղել են 1955, 1963, 1966, 1969. 1987,1999 եւ 2010թվականներին: Բայց այս տարին առանձնանում է իր տաք ջերմային ֆոնի տեւական պահպանողականությամբ, որը կապված է հարվից սկիզբ է առած հզոր տաք օդային հոսանքների հետ, որն իր ազդեցության տակ է վերցրել ամբողջ Կովկասը եւ նույնիսկ հասել է Ռուսաստանի եվրոպական մաս: Այս պահին օդի ջերմաստիճանը ռեկորդային բարձր է հատկապես Հայաստանում: Սա աննախադեպ երեւույթ չէ, բայց անոմալիա է: Դարի ընթացքում այսպես լինում է 3-4 անգամ: Երբ միջին ջերմաստիճանը 5 աստիճանից բարձր է` համարվում է անոմալիա, իսկ այս դեպքում խոսքը 8-12 աստիճանով բարձր ջերմաստիճանների մասին:
-Ըստ Ձեր կանխատեսումների, դեռ որքա՞ն ժամանակ կարող ենք վայել արեւի շողերը:
- Առաջիկա հինգ օրերին դեռ այսպես կշարունակվի, ուղղակի փետրվարի 8-ից տեղումներ ենք սպասում, բայց ջերմաստիճանը չի իջնի:
-Կարելի՞ ենթադրել, որ առկա բարձր ջերմային ֆոնի վրա սահուն անցում ենք կատարելու գարնանը:
- Կարող է ամբողջ ամիսը տաք լինել, օրինակ` մարտը, բայց 1-2 օրում, ինչպես եղավ նախորդ տարի, ցուրտ ներխուժումներ լինեն, ձյան տեղումներ եւ այլն: Բայց մարտին կամ ապրիլին ցուրտ ներխուժումներ կլինե՞ն, թե ոչ` հնարավոր չէ կանխատեսել: Գիտությունը դեռեւս չի հասել նման բարձունքների, որ նման կանխատեսումներ կատարի:
Զրույցը` Սոնա Ավագյանի
