Ինչու են Արամ Մանուկյանին հանել մարզ այցելողների ցուցակից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Եռյակի մարզային առաջին այցելությունները հարամեցին ոչ թե իշխանության, այլ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները: Արդեն մի քանի օր է, ինչ ԲՀԿ-ականները հերթով սրբագրում են Արամ Մանուկյանի հայտնի ելույթը և, մեղմ ասած, «անթույլատրելի» համարում հարթակից վիրավորանք հնչեցնելը: ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանն անուղղակի վիրավորեց Արամ Մանուկյանին՝ ասելով, որ ողջ գիտակից հասարակությունը գիտի այդ մասին: Բայց, հավանաբար, ԲՀԿ-ին այնքան խորթ էր իր հանրահավաքում թթու խոսքն իշխանության հասցեին, որ գործը հասավ դիվանբաշուն, և «նախագահ ջանի» սիրտը շահելու համար Ծառուկյանը Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ առանձնահատուկ ընդգծեց, որ իրենց գործն ուրիշներին վիրավորելը չէ: Իսկ Արամ Մանուկյանին էլ հանեցին մարզ այցելողների ցուցակից: Ինքը՝ Արամ Մանուկյանը, պարզվում է, տեղյակ չէ այս անցուդարձից և ԲՀԿ-ի իրարանցումից ու իր հասցեին էլ ուղղված վիրավորանքներից ու քննադատությունից: Նա երեկ մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ ինքը միշտ «խոսում է այն դոզայով, որն իր համար ընդունելի է», ու շարունակելու է նաև այդպես. «Իմ մոտ փոփոխություններ երբեք չեն լինում, ես միշտ ասում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում»: Հարցին, թե հնարավո՞ր է առանց սուր խոսքի պայքարել իշխանության դեմ և ժողովրդին հանել ոտքի, Մանուկյանը պատասխանել է. «Իշխանությունն այնքան արած ունի ժողովրդին ըմբոստացնելու, ոտքի հանելու համար, որ եթե ոչինչ էլ չանի… Լիսկայի նշանակումը հերիք չէ՞»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
