Ինչու են գայլերը մտնում գյուղական համայնքեր
168.am-ը գրում է.Վերջին շրջանում գայլերի և արջերի ակտիվացում է նկատվում. նրանք հարձակվում են գյուղական համայնքների վրա և լուրջ վնասներ հասցնում ընտանի կենդանիներին՝ հատկապես ոչխարներին:
Այս երևույթի դեմ պայքարելու նպատակով սեպտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունը որոշել է գայլերի որսի համար Բնապահպանության նախարարությանը 20 միլիոն դրամ տրամադրել՝ 200 գայլ որսալու համար, յուրաքանչյուր սպանված գայլն արժե 100 հազար դրամ: Այս որոշումից անմիջապես հետո սկսվեց գայլերի որսը, իսկ բնապահպաններն էլ իրենց բողոքի ձայնը բարձրացրին՝ ասելով, որ դադարեցնեն գայլերի սպանդը՝ պնդելով, թե նման կերպ չեն կարգավորում խնդիրը: Այս թեմայի շուրջ առավել մանրամասն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին բնապահպաններ Կարինե Դանիելյանը և Սիլվա Ադամյանը:
Կ. Դանիելյանի խոսքով՝ խնդիրը բազմակողմանի է՝ և՛ սոցիալական, և՛ էկոլոգիական, և՛ բարոյական: Այս երևույթը, ըստ նրա, նոր չէ, բայց եղել են նաև հատուկենտ դրսևորումներ, այսպիսի մասսայական, այսպիսի մեծ վնասներով երևույթի հետ առաջին անգամ ենք առնչվում.«Իհարկե, լրիվ հասկանալի են իշխանությունների անհանգստությունը, իրականացվող միջոցառումները: Մենք ևս համոզված ենք, որ պետք է փոխհատուցել տուժած մարդկանց, բայց խնդիրն այն է, որ պատճառահետևանքային կապը մենք չենք տեսնում: Հարց չի բարձրացվում՝ ինչո՞ւ այդպես եղավ:
Երբ նոր սկսվեց այդ երևույթը, մենք հայտարարում էինք, որ դա ահազանգ է, որ դա նշանակում է՝ ինչ-որ բան այն չէ էկոհամակարգերում, դրանք խախտված են, վտանգված: Գայլերը հենց այնպես չեն մտնում գյուղական համայնքներ. չէ՞ որ իրենք էլ իրենց են վտանգի ենթարկում՝ մտնելով գյուղեր: Նրանք շատ խելացի կենդանիներ են և հասկանում են, որ մարդու հետ առնչվելն այնքան էլ անվտանգ չէ, բայց իրենք ստիպված են դա անել, քանի որ մենք որսորդությամբ, անտառների ոչնչացմամբ, բնական էկոհամակարգերի ոչնչացմամբ ոչնչացնում ենք նաև նրանց կերային բազան: Այսինքն՝ այս երևույթը մեր սխալ կենսագործունեության արդյունք է, այդ էկոհամակարգային մտածելակերպը մեզանում դեռ չկա»:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
