«Ինձ շատ հաճելի է շփումը հանդիսատեսի և լավ մարդկանց հետ». Սիրուշոն` նոր տեսահոլովակի մասին
Օգոստոսին երգչուհի Սիրուշոն նոր տեսահոլովակ է նկարահանել հանդիսատեսին արդեն հայտնի «Հուհ–հահ» երգի հիման վրա։ Այն «Արմատ» ալբոմից է։ Tert.am Life–ի հետ զրույցում Սիրուշոն հայտնեց, որ նոր տեսահոլովակի պրեմիերան կլինի մի քանի օրից։
«Փորձելու ենք լավ տրամադրություն փոխանցել այս երգով ու տեսահոլովակով»,– ասաց երգչուհին։
Հանդիսատեսին հայտնի է, որ տեսահոլովակի նկարահանումների մի մասը կայացել է Վերնիսաժում։ Սիրուշոյի տեսահոլովակների նկարահանումներին, սովորաբար, ներկա են լինում միայն նրա թիմի անդամները, իսկ ահա Վերնիսաժի նկարահանումներին ականատես են եղել պատահական անցորդները, աշխատակիցներն ու տարածքի բնակիչները։
«Այս անգամ կողքից այնքան շատ մարդիկ կային, ովքեր նկարահանում էին ընթացքը։ Դա հաճելի էր, որովհետև ընթացքում ստանում էի ծաղիկներ, նվերներ, լսում էի լավ խոսքեր։ Ինձ համար շատ հաճելի է շփումը հանդիսատեսի և լավ մարդկանց հետ»,- ասաց երգչուհին։
Պարզվում է` Վերնիսաժում եղել է նկարահանումների միայն մեկ օրը։ Նոր տեսահոլովակում հանդիսատեսը կտեսնի նաև այլ վայրեր, սակայն գաղտնիությունը խախտել երգչուհին չի ուզում։
«Այլ վայրերում ևս նկարահանումներ ենք արել, սակայն չեմ բացահայտի, թե որտեղ։ Եթե դա բացահայտեմ, անակնկալներ, ընդհանրապես, չեն լինի»,– նշեց երգչուհին։