Ինքնըստինքյան
Comment
Ինքնըստինքյան, նախօրեին տեղի ունեցած հանրահավաքը տեղի ունեցավ, Գագիկ Ծառուկյանն էլ ինքըստինքյան եկավ ու ինքնըստինքյան ինքն իր մասին երրոդ դեմքով խոսելով ասաց, որ Գագիկ Ծառուկյանը ժողովրդի հետ է: Լավ, ասենք թե «ժողովրդի» հետ է և ասենք թե եկավ, բայց եկել էր ավելի շատ նրա համար, որ հավաքվածների ասի, թե ինքն ասենք թե եկավ, բայց իր ասելիքը կասի ասենք թե հաջորդ անգամ, իսկ հավաքվածներն էլ ինքըստինքյան թող սպասեն հաջորդ անգամին, մանավանդ որ հավաքվածները սովոր են անընդհատ Ծառուկյանի ասելիքներին սպասել, տարիներով սպասում են: Եվ ինձ թվում է՝ դեռ տարիներով էլ կսպասեն, որովհետև ասենք թե մի բան ասելու համար պետք է նախևառաջ ասելիք ունենալ, կամ գոնե այդ ասելիքն ասել կարողանալ:
Իսկ մեծն օլիգարխը եկավ, ուրախացավ, գովազդվեց ու գնաց: Բայց գովազդվելն էլ լիարժեք էր՝ տեղը տեղին կազմակերպված, նույնիսկ «ճղճղան» կանանց ու պատրաստված «մասսովկայի» ներգրավմամբ: Մարդիկ էլ լսեցին, ոմանք հիասթափված գնացին, ոմանք էլ ավելի հիացած գնացին՝ թե բա տեսնում ե՞ք՝ Գագիկ Ծառուկյանն ասենք թե մեզ հետ է: Բայց այ ամբողջ խնդիրը հենց այդ «ասենք թե»-ի մեջ է:
Այնպես որ սպասենք Ծառուկյանի հաջորդ ելույթին, որտեղ նա միգուցե կասի, թե երբ է պատրաստվում ասենք թե ասել իր ասելիքը՝ ինքնըստինքյան:
Կարեն Վարդանյան