Իր բեմադրությունը չընդունելու համար արվեստագետը ջարդել է թատրոնի պատերը
Արվեստագետ Դուգլաս Գորդոնը մուրճի օգնությամբ վրեժ է լուծել Մանչեստերի թատրոնից, որտեղ ցուցադրվել է իր բեմադրությունը, գրում է gazeta.ru-ն:
Նախօրեին Մանչեստերի միջազգային թատերական փառատոնում ցուցադրված «Կարմիր գլխարկ» մանկական հեքիաթի մոտիվներով «Մեր անտառում» անունով Գորդոնի բեմադրությունը ջերմ ընդունելություն չի ստացել քննադատների կողմից: Այդ պատճառով արվեստագետը զինվել է մուրճով և կոտրել թատրոնի ներսի պատերը՝ դրանցից մեկի վրա թողնելով իր ստորագրությունն ու ամսաթիվը:
Փառատոնի ղեկավարությունը հավանության չի արժանացրել այդ գործողությունները: «Ակնհայտ է, որ մեր ռեժիսորներից մեկն իրեն բոլորովին ոչ կոռեկտ է պահել «Մեր անտառում»-ի պրեմիերայից հետո: Փոքր վնաս է հասցվել HOME թատրոնի նոր շենքին, իսկ մեղավորը ստիպված կլինի այն փոխհատուցել»,- մեկնաբանելով միջադեպը ասել է փառատոնի գեղարվեստական տնօրեն Ալեքս Պուտսը:
