Իրանն Ադրբեջանում աշխատում է գրեթե անխոցելի և շատ պարզ մեթոդաբանությամբ
«Հաղղին.ազ»-ի տխրահռչակ խմբագիրը բազմամարդ հրապարակ պատկերող լուսանկար է հրապարակել Բաքվում այսօր տեղի ունեցած շիաների սգո Մուհարրամ ամսվա 10-րդ օրվա՝ Աշուրայի արարողությունից՝ գրելով, թե վախենում է Ադրբեջանի ապագայի համար:
Իրականում սա դեռ սկիզբն է, քանի որ Իրանն Ադրբեջանում աշխատում է գրեթե անխոցելի և շատ պարզ մեթոդաբանությամբ. այս երկրից Իրանի շիայական ճեմարաններում հոգևոր կրթություն ստացած անձինք վերադառնում են իրենց բնակավայրերը և առանց քաղաքական քարոզի և իշխանություններին քննադատելու, սկսում զբաղվել բացառապես կրոնական գործունեությամբ:
Տարբեր մակարդակների տեղական կաշառակեր պաշտոնյաների ֆոնին նման հոգևորականները կամ կրոնի գիտակները վարում են չափազանց համեստ կենցաղ, համայնքի հետ հաստատելով մտերիմ կապեր և աստիճանաբար դառնում տվյալ տարածքի միակ ու անսասան այն հեղինակությունը, որին չեզոքացնելու համար իշխանությունը նույնիսկ ձևական որևէ պատրվակ չունի, քանի որ, պատկերավոր ասած, գյուղացիներին ծիսական լվացում սովորեցնելու համար որևէ մեկին բանտ նետելը գրեթե անհնարին գործ է:
Խնդիրն այն է, թե Ադրբեջանի ներսում, այսպիսի ազդեցիկ հոգևորականներին ե՞րբ կհաջողվի ձևավորել Աշուրայի միստերիայով դաստիարակված շիա հետևորդների կրիտիկական զանգված, որի ալիքն արդեն քաղաքական կոչերով ուղղակի կարող է սրբել արատների մարմնավորում «Բաքվի Յազիդի» վարչակարգը: