Իրանն սպառնացել է Իսրայելին՝ Գազայում գործողության դեպքում նոր ճակատներ բացել
Թեհրանի համար Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողությունը կդառնա «կարմիր գիծ», նման զարգացումը հղի է «նոր ճակատների բացմամբ»։ Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Էբրահիմ Ազիզին։
«Իսրայելը պետք է գիտակցի, որ Գազա ներխուժումը կարմիր գիծ է, որ Պաղեստինը սպասում է, որ Իսրայելը թույլ տա այդ սխալը։ Եթե Իսրայելի ռեժիմը նման քայլի դիմի և չդադարեցնի հրթիռային հարձակումները Գազայի հատվածի վրա, ապա պետք է սպասել նրա դեմ պայքարի նոր ճակատների ի հայտ գալը, և ոչ միայն մեկը, ինչպես հիմա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Պաղեստինի դիմադրության ճակատը «գործնականում սահմաններ չունի», և որտեղ էլ որ Իսրայելը հանդիպի դրան, նա «անկասկած կհարձակվի նրա կողմից»։ Մի քանի ճակատներում կռիվը «կարող է հանգեցնել Իսրայելի իշխանության և պետականության անկմանը»:
Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողության դեպքում Իրանի հնարավոր գործողություններն առանցքային հարցերից են, որոնց պատասխանը փնտրում են մի շարք երկրների իշխանությունները, փորձագետներն ու լրատվամիջոցները։ Սպիտակ տունը նախկինում չի բացառել, որ Իրանն ինչ-որ փուլում կարող է ուղղակիորեն միջամտել Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությանը: