Իրանում հրթիռակոծությունից կանայք ու երեխաներ են զոհվել
Պակիստանի ռազմաօդային ուժերը հունվարի 18-ի վաղ առավոտյան հարվածել են Իրանի տարածքին՝ որպես թիրախ ունենալով ենթադրյալ ահաբեկիչներին։ Պակիստանի ավիացիան հրթիռային հարվածներ հասցնելու ժամանակ մտել է Իրանի օդային տարածք. հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի հետախուզության աղբյուրին։
Պակիստանի հրթիռակոծության հետևանքով կա 7 զոհ, որից 4-ը երեխաներ են:
Ավելի վաղ Mehr գործակալությունը, վկայակոչելով Սարավանի նահանգապետի՝ անվտանգության ու իրավական հարցերով տեղակալ Ալիրեզ Մարհամաթիին, հայտնել էր, որ պայթյունների ձայներ են լսվել Իրանի հարավ-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանին գտնվող Սերավան նահանգի մի քանի շրջաններում։
Պակիստանի ԱԳՆ-ն ավելի ուշ մեկնաբանել է Իրանին հարվածներ հասցնելու լուրը՝ նշելով, որ իրենք մի շարք ճշգրիտ հարվածներ են հասցրել Իրանում գտնվող «ահաբեկիչների թաքստոցներին», որոշ «ահաբեկիչներ» ոչնչացվել են։