Իրանը դեռեւս պատրաստ չէ վերադառնալ համաշխարհային գերտերությունների հետ բանակցություններին. ԵՄ
Իրանը դեռեւս պատրաստ չէ վերադառնալ համաշխարհային գերտերությունների հետ բանակցություններին իր միջուկային ծրագրի հարցում, եւ երկրի նոր բանակցախումբը ցանկանում է քննարկել տեքստերը, որոնք առաջ կքաշվեն ԵՄ-ի հետ Բրյուսելում առաջիկա շաբաթներին կայանալիք հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտարարել է ԵՄ քաղաքականության հարցերով տնօրեն Էնրիկե Մորան, որը բանակցությունների գլխավոր համակարգողն է եւ այցելել է Թեհրան նախօրեին, որպեսզի հանդիպի Իրանի միջուկային խնդրով բանակցախմբի անդամների հետ, հաղորդում է Reuters-ը:
«Նրանք պնդում էին, որ չեն ցանկանում բանակցել պարզապես բանակցելու համար, նրանք ցանկանում են խոսել գործնական արդյունքներով եւ վերջնական համաձայնության մասին, թե ինչպես կյանքի կոչել ՀՀԳԾ-ն»,-ասել է պաշտոնյան:
Անվանելով Բրյուսելում հանդիպումը «լավ գաղափար»՝ պաշտոնյան ասել է, որ դա երկու երկրներին հնարավորություն կտա ծանոթանալ տեքստերին, որոնք դրված են աշխատասեղաններին հունիսից ի վեր, եւ պարզաբանել հարցերը, որոնք կարող են ծագել Իրանի նոր բանակցախմբի մոտ: