Իրանը համաձայնեցրել է Ռուսաստանից Սու-35-ներ գնելու գործարքը
Իրանը վերջնականապես համաձայնեցրել է Ռուսաստանից Սու-35 ինքնաթիռների ձեռքբերման գործարքը, տեղեկացրել են «ՌԻԱ Նովոստի»-ին ՄԱԿ-ում ԻԻՀ-ի մշտական ներկայացուցչությունում։
«1988թ. իրանա-իրաքյան պատերազմի ավարտից հետո Իրանը դիմել է մի շարք երկրների՝ կործանիչներ գնելու հնարավորության խնդրանքով, եւ Ռուսաստանը հայտարարել է, որ բաց է դրանք վաճառելու հարցում»,- նշել են մշտական ներկայացուցչությունում։
Սու-35 կործանիչները տեխնիկապես ընդունելի են Իրանի համար, այնպես որ 2020թ. հոկտեմբերից եւ Իրանի հանդեպ սովորական սպառազինությունների գնման սահմանափակումների չեղարկումից հետո Թեհրանը վերջնականապես համաձայնեցրել է դրանց գնման գործարքը։
Մշտական ներկայացուցչությունում չեն ասել, սակայն, թե երբ է համաձայնեցվել գործարքը, որքան Սու-35-ներ է նախատեսվում ուղարկել ՌԴ-ից Իրան եւ երբ։