Իրավապահ համակարգի քրեական «փուչիկների» շարքից.
Ժողովուրդ թերթը գրում է. ՀՀ գլխավոր դատախազությունը կարճել է հատուկ քննչական ծառայությունում քննվող Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի, ինչպես նաեւ՝ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել էր քրեական գործ: Այն ուղարկվել էր ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու համար: Այս հրապարակումից երկու օր անց՝ հոկտեմբերի 31-ին էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ եւս քրեական գործ է հարուցվել:
Բանն այն է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազն անբարեխիղճ էր եղել իր հսկողության տակ գտնվող քրեական գործի նկատմամբ, չէր հետեւել նախաքննության ժամկետին, ինչի հետեւանքով էական վնաս էր պատճառվել անձի իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ՝ պետության օրինական շահերին:
Մասնավորապես նախաքննության ժամկետն անցնելու պատճառով անհնարին էր դարձել դրա հետագա երկարացումը, առաջացել էր հանրային իրավահարաբերության տիրույթում գտնվող քրեական գործով վարույթի բնականոն ընթացքն ապահովելու, քրեական գործով վարույթը շարունակելու, ապացույցներ հավաքելու, ստուգելու, գնահատելու եւ դրա հիման վրա ուրիշի գույքը ենթադրաբար հափշտակած անձին (անձանց) քրեական պատասխանատվության ենթարկելու եւ տուժողի խախտված իրավունքները վերականգնելու անհնարինություն: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննիչների, ինչպես նաեւ՝ դատախազի լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել էին, իսկ քննությունն իրականացվում էր ՀՔԾ-ում:
Նշենք, որ սա արդեն երկրորդ գործն է, որը կարճվել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ցուցումով: «Ժողովուրդ»-ը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացավ, որ քրգործը կարճվել է ՀՀ քր. դատ օր. 35 հոդվածի առաջին մասի 2-րդ կետի հատկանիշներով` արարքի մեջ հանցակազմ չի եղել:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
