Իրավապահ համակարգում իրավիճակը չի խաղաղվում.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբ 2013 թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը համբուրեց դատախազության դուռը և հեռացավ, 1 ամիս անց՝ հոկտեմբերի 1-ին, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրեց Գևորգ Կոստանյանը: Սկզբում ամեն ինչ սահուն էր, մինչև ձևավորվեց քննչական կոմիտեն՝ իրավապահ համակարգում դերաբաշխման կոնկրետ խնդիրներ հարուցելով:
Ռաունդ առաջին
Հոկտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության կարևոր գործերով քննության վարչության դատախազների որոշումներով՝ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի, ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր և ուղարկվել ՀՔԾ: Բնականաբար նորաստեղծ քննչական կոմիտեն չէր ընդունում մեղադրանքը՝ հայտարարելով, որ քրեական գործերի հարուցման հիմքում դրված են եղել ընդամենն առանձին դատավարական ժամկետների բացթողման հանգամանքները: ՀՔԾ-ն էլ երեք շաբաթ քննեց գործը և փորձեց շախմատային լեզվով՝ «շախով», պատասխանել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Որոշվեց կարճել Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը:
Ռաունդ երկրորդ
Ըստ շախմատային տրամաբանության՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է պաշտպանվեր, քանի որ «մատ»-ի հեռանկարը սարերի հետևում չէր: Ուստի նոյեմբերի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ վերացվեց ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ որոշումը: Ավելին՝ դատախազությունը եկավ այն համոզման, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը հիմք է տալիս որպես մեղադրյալ ներգրավելու ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս. Մկրտչյանին և ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Հ. Մանուկյանին: Այսինքն՝ արդեն հրապարակեց կոնկրետ քննիչների անուններ, որոնք էլ ստիպված են եղել փաստաբաններ ներգրավել գործում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
